Առաջին անգամ ապացուցվել է Շոտլանդիայում գտնվող քարե հնագույն օղակների աստղագիտական նշանակությունը: Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի մի խումբ աստղագետներ դա կարողացել են անել վիճակագրական հաշվարկների միջոցով: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Archaeological Science ամսագրում, իսկ համառոտ ներկայացվել է Phys.org գիտական նորությունների պորտալում:
Հաղորդվում է, որ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է վիճակագրականորեն ապացուցել, որ հնագույն մեգալիթյան կառույցները ստեղծվել են աստղագիտական նպատակներով: Խոսքը Շոտլանդիայում հայտնաբերված, այպես կոչված, Մեծ օղակների (Grеat circles) մասին է:
Գիտնականները հետազոտել են դրանցից հնագույնները՝ Քալանիշի եւ Սթենեսի մեծ քարե օղակները, որոնք գտնվում են համապատասխանաբար Լյուիս եւ Օրքնեյան կղզիներում: Այս կառույցները հռչակավոր Սթունհենջից 500 տարի առաջ են ստեղծվել: Հետազոտողներն օգտագործել են 2-D եւ 3-D տեխնոլոգիաներ՝ աստղերի եւ մոլորակների տեղադրությունը հաշվարկելու համար, որից հետո ստացած տվյալները համեմատել են քարե կառույցների կառուցվածքի հետ:
Արդյունքում նրանք ապացուցել են, որ քարե Մեծ օղակներն արտացոլում են Արեգակի եւ Լուսնի տեղադրությունն ու տեղաշարժերը, որը դրանք կատարել են 5000 տարի առաջ: Մոդելավորումը հաստատել է այն ժամանակ Արեգակի եւ Լուսնի փոխտեղադրվածության հետ քարերի տեղադրության համապատասխանության բարձր աստիճանը:





























