Դատելով հուլիսի պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներից՝ Հայաստանի տնտեսության վիճակն ավելի է վատացել է: Նախ նշենք, որ շինարարության ոլորտում քրոնիկական անկմանը դեռ անցյալ տարվանից գումարվել են առեւտրի ոլորտի անբարենպաստ միտումները: Մասնավորապես՝ վերջին երկու տարվա ընթացքում մանրածախ ապրանքաշրջանառությունն անշեղորեն կրճատվում է՝ ինչպես համադրելի, այնպես էլ ընթացիկ գներով:

Հուլիսին շարունակվել է ծառայությունների շրջանառության աճը՝ տարեկան կտրվածքով կազմելով 4,1 տոկոս: Եթե հաշվի առնենք հունվար-հունիսի տվյալները, ապա այս ձեռքբերումները հիմնականում ապահովվել են ծառայությունների երկու խմբերով՝ «մշակույթ, զվարճանք եւ հանգիստ» (այս ժամանակահատվածում շրջանառության 1,4 անգամ աճ), ինչպես նաեւ վերգետնյա տրանսպորտ (գրեթե 1,3 անգամ): Ըստ որում՝ ընդհանուր ծավալում վերգետնյա տրանսպորտի բաժինը այդ ժամանակահատվածում հասել է 8,3 տոկոսի: Տրանսպորտի բումը մասնագետները բացատրում են լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի բեռնափոխադրումների զգալի աճով:

Հուլիսը դրական ոչինչ չբերեց ոչ շինարարության մեջ (տարեկան կտրվածքով անկումը կազմել է 6,8 տոկոս), ոչ առեւտրում (առեւտրի շրջանառությունը կրճատվել է 1,0 տոկոսով): Հիշեցնենք, որ «առեւտրի շրջանառությունը», մանրածախ ապրանքաշրջանառությունից բացի, ներառում է նաեւ մեծածախը եւ ավտոմեքենաների առեւտուրը: Հետադարձ հայացքի դեպքում վերջին երկու բաղադրիչների շրջանառության աճը թույլ է տվել մասնակի քողարկել մանրածախ առեւտրի փլուզումը: Ըստ երեւույթին հուլիսին այդ պրոցեսը շարունակվել է:

Հունիսին, այս տարի առաջին անգամ, գյուղատնտեսական արտադրանքի ֆիզիկական ծավալը աննշան կրճատվել է՝ տարեկան կտրվածքով 0,2 տոկոսով: Հուլիսին անկումը խորացել է՝ հասնելով 3,8 տոկոսի: Հունիսին գյուղատնտեսության ոլորտում անկումը պայմանավորված է եղել բուսաբուծությամբ: Բայց այդ ամիսներին ընդամենը սկսվում է բուսաբուծության հիմնական սեզոնը, որը հասնում է իր առավելագույն նիշերին օգոստոսին, եւ հատկապես սեպտեմբերին: Արդյունաբերության մեջ նեգատիվը արտահայտվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի տեմպերի դանդաղումով: Եթե օրինակ հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 8.9 տոկոս, ապա հուլիսին նվազել էր մինչ եւ 2.8 տոկոս: Սա ընթացիկ տարվա անցած ամիսների ամենացածր ցուցանիշն է: Հայտնի է, որ արդյունաբերության «պլյուսային» ցուցանիշը հիմնականում ապահովում է մետաղների արդյունահանումը, նա եւ ըմպելիքների ու ծխախոտային ապրանքների արտադրությունը: Այսինքն այն ապրանքներով, որոնք ամբողջովին (մետաղ) կամ մասամբ ( ոգելից խմիչք ու ծխախոտ) արտահանվում են: Մինչդեռ հուլիսին արտահանման ծավալը աճել է 13.2 տոկոսով:

 Թե հատկապես որ ոլորտներն են դանդաղեցրել հայրենական արդյունաբերության արտադրանքի աճը՝ պարզ կդառնա հուլիսի մասին ավելի մանրամասն տեղեկությունների հրապարակումից հետո:

 Սմբատ Գրիգորյան