Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, եւ նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Վարշավայում կայացած  «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակներում հրավիրված` «Եվրոպական Միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հերմինե Նաղդալյանը այս առիթը լավ հնարավորություն է դիտարկել` քննարկելու եւ վեր հանելու այն խնդիրները, որոնք մտահոգիչ են այսօր եւ հրատապ անդրադարձի կարիք ունեն:

Նաղդալյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում տիրող  բավական բարդ եւ լարված իրավիճակի վրա, եւ ընդգծել, որ համագործակցության մասին, խոսելիս առաջին հերթին մտովի պատկերացնում ենք անվտանգության խնդիրներին վերաբերող քաղաքական երկխոսությունը: Որպես գլխավոր մարտահրավերներ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է գոյություն ունեցող պատերազմական գոտիները, քաղաքական ծայրահեղականության աճը, միջազգային ահաբեկչության ընդլայնումը, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը եւ դրանց դեմ պայքարելու ընդհանուր ջանքեր են պահանջում:

Անդրադառնալով Հայաստանին, Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է  բարդ իրականությունը, որում «ապրում է» մեր երկիրը` շրջապատված լինելով իր երկու հարեւաններով `Արեւելքից Ադրբեջանի` իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ,  արեւմուտքից` Թուրքիայի, որը երկու տասնամյակից ավել շարունակում է փակ պահել իր սահմանը Հայաստանի հետ ` դրանով իսկ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցրել է այս տարվա ապրիլի սկզբին  Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիայի մասին, որը 1994 թվականի զինադադարից  ի վեր` ամենածավալուն եւ լայնամասշտաբն էր իր բնույթով եւ թիրախավորել էր ոչ միայն զինված ուժերին, այլ նաեւ խաղաղ բնակիչներին:

«Գործընկերնե’ր, խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, նրանց ապրելու իրավունքին: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, եւ նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին»,- իր ելույթում շեշտել է Հերմինե Նաղդալյանը` այս գործընթացում առանձնապես կարեւորելով եւ անփոխարինելի համարելով Եվրոպայի դերը:

«Տարբեր մակարդակներում Եվրամիությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը հանդիսանում է միակ միջազգայնորեն լիազորված մարմինը` կոչված  աշխատելու  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների ` ինքնորոշման իրավունքի , տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա»,- իր ելույթում հիշեցրել է  ԱԺ փոխխոսնակը` հույս հայտնելով, որ  Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը  եւ խնդրի համապարփակ լուծման համար  բարենպաստ միջավայր ստեղծելու իր նվիրվածությունը գուցե հաջողեն  կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը եւ կամուրջ դառնալ` նպաստելով վստահության կառուցմանը, որը, սակայն, հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարեւանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձեւերը:

«Տիկնայք եւ պարոնայք, Ղարաբաղն այսօր կայացած պետություն է`  պետականության իր բոլոր ատրիբուտներով եւ հաստատություններով`  Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ  եւ կենսունակ տնտեսությամբ»,-  եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Հերմինե Նաղդալյանը` ընդգծելով, որ սա շատ կարեւոր աշխարհաքաղաքական  գործոն է տարածաշրջանում` նպաստելով կայունությանն ու խաղաղությանը:

«Իր անկախությամբ Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի, կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, եւ հետեւողական է` տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը նպատակաուղղված իր գործողություններում» ,- իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ուղղակի փոխազդեցությունները  այսօր դառնում են  ավելի ու ավելի ակտիվ:

«Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով`  Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն,  եւ Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը: