Մոլդովայի Լիբերալ կուսակցության քաղաքական խորհուրդը, որը իշխող կոալիցիայի անդամ է, օգոստոսի 31-ի նիստում որոշում է ընդունել կուսակցության առաջնորդ Միխայ Գիմպուին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս քաղաքական գործիչը հանդես է գալիս պետության վերացման եւ հարեւան Ռումինիայի հետ միավորվելու օգտին:

«Մենք կշարունակենք պայքարել Ռումինիայի հետ միավորվելու համար, սակայն դա բարդ հարց է, որի լուծման համար տարիներ կպահանջվեն: Մինչ այդ բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունենք, անհրաժեշտ է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել»,- լրագրողների հետ զրույցում իր ծրագիրը պարզաբանել է Գիմպուն:

Անցած շաբաթ նա Ռումինիայի վարչապետին է նվիրել «Մեծ Ռումինիայի» քարտեզը, որի կազմի մեջ է մտած Մոլդովան, նաեւ Ուկրաինայի Օդեսայի եւ Չերնովիցկի մարզերի մի մասը: Քարտեզի վրա խորհրդանշական գրառում կա. «Նույն  լեզվով ենք խոսում, մի ազգ ենք, մի երկիր էլ կլինենք»:

Երկրի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին: