Ինքնաթիռի ուղեւորը, որը «սելֆի» անելիս համբուրել էր բորտուղեկցորդուհուն, Դուբայի դատարանի որոշմամբ երեք ամիս կանցկացնի բանտում, հայտնում է The National պարբերականը:
Դուբայի քրեական դատարանը նման դատավճիռ է կայացրել Տանզանիայի 42-ամյա քաղաքացու նկատմամբ` նրան մեղավոր ճանաչելով սեռական ոտնձգության համար: Դատարանում մեղադրյալը խոստովանել է, որ համբուրել է բորտուղեկցորդուհուն, բայց հերքել է իր մեղքը այն հոդվածով, որով մեղադրվել է:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, երբ Emirates ավիաընկերության 42-ամյա ուղեւորը բորտուղեկցորդուհուն խնդրել էր լուսանկարվել իր հետ եւ համբուրել էր նրան: ԱՄՆ-ից քսանհինգամյա բորտուղեկցորդուհին այդ մասին հայտնել էր, հենց որ Դար-էս-Սալամ քաղաքից թռչող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Դուբայում: Պատիժը կրելուց հետո տղամարդը կարտաքսվի:





























