Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.aմ-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ առանձնակի կարեւորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ եւ վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, նույնանման արժեհամակարգի եւ զարգացման համադրելի տեսլականի հետ, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների այցը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է պատգամավորների այցը նաեւ Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան եւ անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին եւ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այդ քայլը եւ ընդունում այն որպես ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման գործում Բելգիայի վճռական հանձնառություն:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են խորհրդարանական ակտիվ շփումները եւ հատկապես բարեկամության խմբի գործունեությունը Հայաստանի եւ Բելգիայի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման գործում:

ՀՀ նախագահը պատասխանել է նաեւ բելգիացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է Երախտագիտության մեդալով` ընդգծելով, որ պարոն Դալմանը Հայաստանում աշխատել է դեռեւս 1988թ.՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում՝ ավերիչ երկրաշարժից հետո որպես բժիշկ կատարելով իր մասնագիտական պարտքը:

Ժորժ Դալմանը մեծ պատիվ է համարել նման բարձր պարգեւի արժանանալը, ընդգծել, որ Հայաստանն իր սրտում է արդեն 28 տարի, եւ այսօր էլ պատրաստ է իր գործունեությամբ օգտակար լինելու մեր երկրին ու ժողովրդին: