Գաբոնի իշխանությունները վերջին երկու օրերին երկրում անկարգությունները ճնշելու ընթացքում շուրջ 1.100 մարդու են ձերբակալել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գաբոնի ՆԳ նախարար Պակոմ Մուբելե-Բուբեյան:

Նրա խոսքով՝ 600-800 մարդ ձերբակալվել է մայրաքաղաքում, մնացյալները՝ մարզերում: Նրանցից նռնակներ եւ ավտոմատ զենք են առգրավել:

Հիշեցնենք, որ Գաբոնում բողոքի ցույցերը սկսվել են գործող նախագահ Ալի Բոնգոյի վերընտրվելուց հետո: Նախօրեին ցույցի մասնակիցները հրդեհել էին խորհրդարանի շենքը:

Միաժամանակ, մայրաքաղաքում ուժային կառույցների լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվել, որոնց հրահանգվել է նոր բռնություններ թույլ չտալ: Իրավապահները ջանքեր են գործադրում՝ դիակապտություն կանխելու համար:

Ուժայինները հատուկ պահպանության տակ են առել խորհրդարանի, ընդդիմության ղեկավար Ժան Պինգայի գրասենյակի, կառավարամետ Union օրաթերթի խմբագրության շենքերը: