Անկախ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հայրենի Սամարղանդում պատրաստվում են նրա հուղարկավորությանը: Սեպտեմբերի 1-ին «Ֆերգանա»-ի լրագրողների արած լուսանկարները վկայում են, որ հուղարկավորության նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում քաղաքային գերեզմանատանը, որտեղ թաղված են Իսլամ Քարիմովի մայրն ու երկու եղբայրները:
Ուզբեկստանի նախագահի մահվան մասին մինչեւ հիմա պաշտոնապես չի հայտարարվել: Աղբյուրի տվյալներով՝ դա կանեն ուրբաթ: Իսկ սեպտեմբերի 3-ին երկրի 78-ամյա անփոփոխ ղեկավարի մարմինը հողին կհանձնեն:
Ըստ «Ֆերգանա»-ի՝ սգո արարողություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2-ին եւ 3-ին Ուզբեկստան կժամանեն ԱՊՀ մի շարք երկրների եւ հեռավոր արտերկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ: Պատվիրակությունների կազմի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:



























