Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը իջել է վերջին հինգ տարվա նվազագույնին, նրա գործունեությանը դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների ընդամենը 45 տոկոսը: Այս մասին են վկայում Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած ARD-Deutschlandtrend հարցման արդյունքները, հայտնում է DW-ը

Մերկելը վեցերորդ տեղն է զբաղեցրել գերմանացի քաղաքական գործիչների ժողովրդականության վարկանիշում: Ընդ որում հարցման մասնակիցների մեծ մասը՝ 51 տոկոսը, դեմ է Մերկելի պաշտոնավարման նոր՝ չորրորդ ժամկետին: Նման սցենարը դրական է գնահատել միայն 46 տոկոսը:

Ըստ հարցման՝ ամենաժողովրդական գերմանացի քաղաքական գործիչը արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն է, նա ստացել է հարցման մասնակիցների 73 տոկոսի աջակցությունը: Երկրորդ հորիզոնականում Գերմանիայի Ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն է ՝ 65 տոկոս ձայներով: