ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի ժողովրդին եւ ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ժամանակակից Ուզբեկստանի պետականության զարգացման գործում կարեւորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` ՀՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ուզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր փորձությունը, էլ ավելի ամուր համախմբվել հանուն Ուզբեկստանի Հանրապետության ամրապնդման ու բարգավաճման:

«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի եւ հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի եւ զորակցության խոսքեր»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: