Հյուսիսային Կորեան անընդհատ կատարելագործում է իր միջուկային եւ հրթիռային ներուժը` երկու շաբաթը մեկ բալիստիկ հրթիռներ արձակելով: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն` հավելելով, որ  հյուսիսկորեական խնդիրը  «տարածաշրջանում ամենալուրջ սպառնալիքն է», հայտնում է «Ինտերֆաքսը»: 

Նրա խոսքով, միջուկային փորձարկումից հետո Հյուսիսային Կորեան արդեն  19 բալիստիկ հրթիռ է արձակել: «Նշանակում է` նա հրթիռներ է արձակել ամեն երկու շաբաթը մեկ, ինչը գերազանցում է Կիմ Չեն Իրի կառավարման օրոք` 18 տարվա ընթացքում արձակումների քանակը»: Նրա խոսքով, ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը սպառնալիք է ներկայացնում նավերի համար, այդ թվում` նրանց, որոնք Վլադիվոստոկ են ուղեւորվում: 

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ԿԺԴՀ-ին ստիպել, որ հրաժարվի միջուկային ծրագրից:   «Եթե այժմ մենք չկարողանանք խոչընդոտել միջուկային զենքի մշակմանը, ոչ հեռու ապագայում հյուսիսկորեական միջուկային սպառնալիքը իրականություն կդառնա: Որպեսզի Փհենյանը   միջուկային ծրագրից հրաժարվելու որոշում կայացնի, կարեւոր է նրան միասնական ուղերձ հղելը», - ասել է Պակ Կին Հեն: «Անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի 2270 բանաձեւի հստակ իրականացում, որպեսզի Հյուսիսային Կորեան այլընտրանք չունենա, բացի միջուկային ծրագրից հրաժարումը: Անհրաժեշտ է, որ Հյուսիսային Կորեան վերադառնա բանակցությունների սեղանի մոտ իր պետության ապագա զարգացման համար», - նշել է Հարավային Կորեայի նախագահը:

Վառնայում կքննարկեն Բուլղարիայի գազային հաբը 

Սեպտեմբերի 4-5-ին սեւծովյան Վառնա քաղաքում միջազգային համաժողով տեղի կունենա, որի ընթացքում կքննարկվի Բուլղարիայում գազաբաշխիչ  «Բալկաններ» հաբի հայեցակարգը: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն միջազգային էներգետիկ շուկայի առաջատար խաղացողները, այդ թվում` բրիտանական    BP-ն, գերմանական  RWE-ն, ավստրիական OMV-ն, ադրբեջանական ԱՀՊԸԿ-ն  (SOCAR), ամերիկյան Texas Cheniere Energy-ն եւ ռուսաստանյան «Գազպրոմը»: Կժամանեն նաեւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ, գրում է  DW-ն: 

Որն է նախագծի գաղափարը  

Վառնայից ոչ հեռու գազային հաբի նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է  2015 թվականի փետրվարի 9-ին, Սոֆիայում տեղի ունեցած էներգետիկ ֆորումի ընթացքում: Բուլղարական կողմի մտահղացմամբ, նախագիծը պետք է նպաստի դեպի Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացիային, միաժամանակ ինքը` Բուլղարիան պետք է Բալկանյան թերակղզու գազաբաշխիչ կենտրոն դառնա: 

Ենթադրվում է, որ պահեստարան գազ կհասնի տարբեր մատակարարներից` Ադրբեջանից, Թուրքմենստանից, Ռուսաստանից, ինչպես նաեւ ռումինական եւ բուլղարական հանքավայրերից:  Հետագայում գազափոխադրիչ համակարգով գազը կուղարկվի մայրցամաքի խորք` Բուլղարիայով Ռումինիա եւ Սերբիա:   

Նախագծի արժեքը, որը օրերս հնչեցրել է «Բուլղարտրանսգազ» ընկերության գործադիր տնօրեն Գեորգի Գեգովը, տատանվում է 1,2-ից 2  մլրդ եվրոյի սահմաններում: Վերջնական գինը, բուլղարական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, հայտնի կդառնա եկող տարվանից ոչ շուտ, երբ եւ եթե ներդրումային նախագիծը վերջնականապես հաստատվի

Ում գազով են լցնելու հաբը

Օրակարգի  գլխավոր հարցերից մեկն է` կոնկրետ ինչ աղբյուրներից եւ ինչ ծավալով են լցվելու «Բալկանները»: Չնայած   նախագծի գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ  2014 թվականին Ռուսաստանը հրաժարվեց  «Հարավային հոսքի» շինարարությունից, այժմ բուլղարական կողմն այն մասին է խոսում, որ ամբողջությամբ առանց ռուսական մասնակցության ինքը գլուխ չի հանի: Այդ մասին անցյալ ամիս հայտնել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: 

«Դա նշանակում է, որ Բուլղարիայում հույս ունեն, որ «Գազպրոմը» այս կամ այն կերպ գազամուղն այնուամենայնիվ կհասցնի Եվրոպայի հարավ», - համարում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան  (ԱԷԱՀ), ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դասախոս Իգոր Յուշկովը: Նրա կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ նախագծի նախաձեռնողները գիտակցում են, որ   Ադրբեջանի արտահանման հնարավորությունները, որի հետ կապում էին հիմնական հույսը,  սահմանափակ են: «Ադրբեջանական գազն արդեն ամբողջությամբ ներառված է պայմանագրերում. TAP-TANAP համակարգով (Անդրադրիատիկ եւ Անդրանատոլիական գազատարները, խմբ.)  Բաքուն Եվրոպա կուղարկի  20 մլրդ խորանարդ մետր, որոնցից 10-ը` Թուրքիա, եւս մեկ միլիարդ` Հունաստանի եւ Բուլղարիայի շուկաներ,    8-ը` Իտալիա», - բացատրում է փորձագետը: Գազի այլ աղբյուրները, որոնք կարող են լցնել հաբը, նրա արտահայտությամբ, կամ չափազանց թանկ են, կամ էլ մեծ ծավալ չունեն: 

Բուլղարիան եւ Թուրքիան կպայքարեն արդյոք «Գազպրոմի» թելի համար

Մնում է ուշադրությունը Ռուսաստանին հառելու տարբերակը: Իգոր Յուշակովը հիշեցնում է, որ այսօր  «Գազպրոմը» տեսական հնարավորություն ունի ռուսական սեւծովյան առափնյա հատվածից  31,5 մլրդ խմ արտահանելու. «Հարց է առաջանում, թե նա ինչ ուղի կընտրի: Տարբերակներից մեկը համատեղ նախագծի ստեղծումն է, որի դեպքում 15 մլրդ խմ տարողունակությամբ երկու թել կկառուցվի, որոնցից մեկը կանցնի Բուլղարիայով, իսկ մյուսը կթեքվի դեպի Թուրքիա»:

Երկրորդ թելը կկարողանա ամբողջությամբ փոխհատուցել այն ծավալը, որը Թուրքիան այսօր ստանում է Ուկրաինայի տարածքով: Իսկ առաջինի համար, Իգոր Յուշակովի խոսքով, Բուլղարիան դեռեւս պետք է պայքարի: Եվ այստեղ գլխավոր մրցակիցը կդառնա հենց Թուրքիան, որի հետ Մոսկվայի հարաբերությունները բարելավվել են: ««Գազպրոմը» շահավետ դիրքում է հայտնվում, որովհետեւ նրա նախագծի համար  մրցակցություն է սկսվում, ենթադրում է փորձագետը:  Գազային հաբի ստեղծումը շահավետ կլիներ բոլորին, բացի Ուկրաինայից. եւ Ռուսաստանին, եւ Բուլղարիային, եւ ԵՄ-ի այլ երկրներին»: