Թուրքիան համաձայնել է շարունակել ԵՄ-ի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի իրականացումը: կողմերը պայմանավորվել են շարունակել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցով աշխատանքները: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Reuters-ը:

Իր հերթին, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Ստրասբուրգ՝ քննարկելու Եվրոպական խորհրդի հնարավոր դերը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործով սպասվող գործընթացում:

Չավուշօղլուն նշել է, որ հեղաշրջման փորձից հետո Գերմանիան աջակցել է Թուրքիային, բայց խոստովանել է, որ Գերմանիայի հայտարարությունները չեն արդարացրել Անկարայի սպասումները: