Գլոբալ տաքացման պատճառով օվկիանոսում հիվանդություններ են տարածվում, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել կենդանիների եւ մարդկանց համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
12 երկրների 80 գիտնականներ այսպիսի եզրակացության են հանգել Բնության եւ բնական պաշարների պահպանության միջազգային միության շրջանակում իրականացրած հետազոտության ավարտին:
Գիտնականները նշել են, որ 1970-ական թվականներից ի վեր օվկիանոսները կլանել են մոլորակի ջերմաստիճանի աճի 93 տոկոսը: Համաշխարհային օվկիանոսը յուրատեսակ վահան է դարձել գլոբալ տաքացման դեմ: Սակայն դա լիովին փոխել է օվկիանոսի կենսահամակարգը: Կլիմայի փոփոխության հետեւանքով պլանկտոնները, մեդուզաները, կրիաները եւ ծովային թռչունները տեղափոխվում են այնպիսի վայրեր, որտեղ նախկինում չէին կարող գոյատեւել ջերմաստիճանի ցածր լինելու պատճառով:
Այս պրոցեսների հետեւանքով, օրինակ, փոխվում են ձկնորսության ավանդական վայրերը, ինչը սպառնում է աշխարհի պարենային անվտանգությանը: Շփոթմունքի են մատնվում նաեւ կենդանիները, քանի որ, օրինակ, կետերն ու թռչունները չեն կարողանում սնունդ հայթայթել դրա համար ավանդական վայրերում: Թռչունները չեն կարողանում ձուկ բռնել իրենց ավանդական բնավորման տարածքում:
Գիտնականները նշում են, որ դրա հետեւանքներից մեկն էլ արեւադարձային զանազան հիվանդությունների տարածումն է նոր տարածաշրջաններում: Դրանից զատ, ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով կարող է տեղի ունենալ ջրամբարների վարակում ջրիմուռների ծաղկման պատճառով, մարջանների գունաթափություն եւ բնական արտակարգ երեւույթներ: Գիտնականների համոզմամբ՝ եթե նույնիսկ մարկությունը կարողանա լուծել գազային արտանետումների հարցը, համաշխարհային օվկիանոսի փոփոխությունը կշարունակվի: Զեկույցում համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը համարվում է «մեր սերնդի ամենագլխավոր գաղտնի սպառնալիքը»:





























