Թուրքական Բիթլիս եւ Մութքի քաղաքների ղեկավարներ Հուսեյն Օլանն ու Օզքան Բեռլիքը Լոնդոնում այցելել են հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի: Ծագումով քուրդ քաղաքապետերը հանդիպել են Տեր Հովհաննես եպիսկոպոս Մանուկյանի հետ եւ քննարկել հայկական Սփյուռքի եւ Թուրքիայի հարավ-արեւելքի քրդական համայնքների միջեւ շփումների հարցը: Այս մասին գրում է Massis Post-ը:
«Օսմանյան կայսրությունում բազմաթիվ հայեր էին ապրում: Նրանք իրենց հայրենի հողերում այլ համայնքների հետ բնակվում էին մինչեւ 1915 թվականը, երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը ենթարկվեցին: Ավելի քան մեկ միլիոն հայեր սպանվեցին սեփական կառավարության կողմից: Ժամանակակից Թուրքիան նախկինի պես պահպանում է այդ օրերի հետքերը, այդ թվում՝ Բիթլիսում եւ Մութքիում: Թուրքական հանրապետությունը նախկինի պես ժխտում է այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ»,- ասված է քաղաքապետերի հայտարարությունում:
Թուրքական քաղաքների ղեկավարները բարեկամության ձեռք են մեկնել բոլոր հայերին: «Ուզում ենք նոր կամուրջներ կառուցել նրանց փոխարեն, որոնք ոչնչացվել են անցյալում»,- նշել են նրանք:




























