ՉԺՀ-ի կենտրոնական օդերեւութաբանական կայանը  «դեղին» զգուշացում է հայտարարել    «Մերանտի» թայֆունի մոտենալու կապակցությամբ: Կանխատեսման համաձայն, այս տարվա ընթացքում թվով 14-րդ «Մերանտի» թայֆունը սեպտեմբերի 14-ի ցերեկը կանցնի Թայվանի հարավ-արեւելյան հատվածի մոտակայքով, իսկ սեպտեմբերի  15-ին գուցե հասնի Ֆուձյան եւ Գուանդուն նահանգների առափնյա հատվածին, հայտնում է Սինհուան:   

«Մերանտի» թայֆունը ձեւավորվել է սեպտեմբերի  10-ին օրվա երկրորդ կեսին, իսկ սեպտեմբերի 13-ին նրա էպիկենտրոնը գտնվել է թայվանական Հուալյանի շրջանից  690 կմ դեպի հարավ-արեւելք: Ցիկլոնի էպիկենտրոնի մոտակայքում քամու առավելագույն ուժը ավելի քան 17 միավոր է կազմել:

Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն, թայֆունը հյուսիս-արեւմտյան ուղղությամբ կտեղաշարժվի 20-25 կմ/ժ արագությամբ: Ենթադրվում է, որ սեպտեմբերի    15-ի առավոտյան «Մերանտին» կհասնի Չինաստանի առափնյա հատվածին: