Աշխարհում 100 մլն մարդ խոսում է գերմաներեն՝ որպես մայրենի լեզու: Հայաստանում, մեր հաշվարկներով, գերմաներեն է խոսում 30 հազար մարդ: Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերի եւ Ավստրիական փոխանակման ծառայության (ÖAD) դասախոս Մորից Լենգլախների  հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ ազդարարելով Հայաստանում առաջին անգամ իրականացվող «Գերմաներենի օրեր» միջոցառումների մեկնարկը:

Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի դերին՝ Մաթիաս Քիսլերը նշեց, որ որքան էլ անգլերենը միջազգային լեզու է, իսկ չինարեն են խոսում աշխարհում ամենամեծ թվով մարդիկ, սակայն գերմաներենը, այնուամենայնիվ,  չի զիջում այդ լեզուներին՝ մնալով աշխարհում կրթության լեզու, երաժշտության լեզու, բժշկության, տեխնիկայի լեզու:

«Լեզուն շատ կարեւոր միջոց է արվեստի եւ երաժշտության միջոցով միավորվելու համար:  Գերմանիայի դեսպանատունը միայնակ չէր կարող նման ընդգրկուն ծրագիր իրականացրել: Այդ գործում մեզ օգնել են ոչ միայն մեր շվեյցարացի եւ ավստրիացի գործընկերները, այլ նաեւ գերմանական մշակութային եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչները, որոնք Հայաստանում գերազանց են կատարում իրենց դերը: Դրանք են Գյոթեի ինստիտուտը, DAAD փոխանակման ծառայություն, Ավստրիական գրադարանը: Մենք համագործակցում ենք նաեւ Գյումրիում Արտ Բոգեն ՀԿ-ի հետ»,- ասել է դեսպանը:

Գերմաներենի օրերը կտեւեն 2.5 շաբաթ եւ կավարտվեն հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի վերամիավորման օրը Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգով, որի ընթացքում կհնչեն Շուման, Բրամս եւ Բեթհովեն:

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: