ԱՄՆ-ի իշխանությունները Չինաստանի դեմ բողոք են ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Պեկինին մեղադրելով բրնձի, ցորենի եւ եգիպտացորենի սուբսիդավորման անարդարացի տեղաբաշխման եւ երկրում գյուղատնտեսությանը չափազանց մեծ աջակցություն տրամադրելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Չինաստանի կառավարությունը ցորենի, եգիպտացորենի եւ բրնձի՝ շուկայականից շատ ավելի բարձր գին է սահմանել, ինչը հանգեցրել է անարդարացի պետական սուբսիդիաների, որոնք խախտում են ԱՀԿ-ի կանոնները»,- ասսված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում:
Վաշինգտոնի պնդմամբ՝ Չինաստանը 100 մլրդ դոլարով գերազանցել է ԱՀԿ-ի հետ համաձայնեցված սուբսիդիայի չափն ազգային բրինձ արտադրողների համար, որպեսզի չինացի ֆերմերներին խթանի ավելացնել արտադրության ծավալները:
«Այդ ծրագրերը խեղում են գները Չինաստանում՝ արժեզրկելով ամերիկյան ֆերմերների աշխատանքը եւ խախտում այն սահմանները, որոնք Չինաստանը համաձայնել է պահպանել ԱՀԿ-ին անդամակցելիս»,- հայտարարել է առեւտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանը:
ԱՄՆ-ի բողոքը ներկայացվում է այդ երկրից Չինաստան գյուղմթերքի արտահանման կրճատման ֆոնին:




























