ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախատեսել է եկող ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերին, 110 հազար փախստական ընդունել: Դա տասը հազարով ավելի է, քան նախկինում ծրագրված էր եւ մոտավորապես մեկ երրորդով ավելի է փախստականների ընդհանուր թվից, որոնց ընդունել են 2016 թվականին (85 հազար), հայտնում է BBC-ն: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին պլանը ներկայացրել է Սենատի Իրավաբանական կոմիտեին:
Պլանը քննադատության է ենթարկվել կոմիտեի նախագահ հանրապետական Բոբ Գուդլատտի կողմից, որը հայտնել է, որ ամեն տարի միակողմանիորեն ավելացնելով ընդունված փախստականների թիվը` Բարաք Օբաման չի մտածել այն մասին, թե դա ինչպես կազդի ԱՄՆ-ի բնակիչների վրա:
Ջեֆֆ Սեշնսը, որը հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մոտակա զինակիցներից է, եւս քննադատաբար է արտահայտվել Օբամայի պլանի վերաբերյալ` այն կոչելով անմիտ եւ ծայրահեղական: Նրա խոսքով, երկարաժամկետ հեռանկարում այն ամերիկյան հարկատուների ուժերից վեր բեռ կդառնա:





























