Սեպտեմբերի 15-ին  ԱՄՆ Կոնգրեսում լայնածավալ լսումներ են անցնելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքները նշանակություն ունեն» թեմայով լսումները կազմակերպել է Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը՝ Կոնգրեսի այն մարմինը, որը հետևում է ամբողջ աշխարհում  մարդու իրավունքների նորմերի պահպանմանը:

«2014-ից սկսած՝ Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, ուժեղացրել է այլախոհների նկատմամբ ճնշումները, լրագրողների,   քաղաքական ընդդիմության, կրոնական ակտիվիստների ու քաղացիական հասարակության անդամների հետապնդումները: ԱՄՆ կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոկայանը եւ ամերիկյան  մի քանի ՀԿ-ներ արտաքսվել են երկրից, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան շինծու մեղադրանքով մեկուկես տարի բանտարկված է մնացել, որից հետո է միայն ազատ արձակվել միջազգային արձագանքի ճնշման ներքո: Ճշգրիտ թվեր  նշելը դժվար է, բայց հավաստի տվյալներ կան, որոնք վկայում են այն մասին, որ ձերբակալվածներից ավելի քան 100-ը դեռ բանտերում են մնում»,- ասվում է Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարությունում:

Թղթակից Խադիջա Իսմայիլովան, Թուրքել Կարիմլին՝ ընդդիմադիր առաջնորդ Ալի Կարիմլիի որդին ու Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլորիչը նույնպես մասնակցելու են լսումներին: