Թուրքիայում Գերմանիայի ներկայացուցչությունները փակվել են՝ կապված ծրագրվող ահաբեկչությունների մասին գերմանական ԱԳՆ-ի ստացած ազդանշանների հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Süddeutsche Zeitung պարբերականը:

Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության կայքում որպես գրասենյակի փակման պաշտոնական պատճառ նշված են սեպտեմբերի 12-15-ը Կուրբան-բայրամի տոների առիթով հանգստյան օրերը: Սակայն գերմանացիները չեն աշխատելու մինչեւ շաբաթվա վերջ: Աղբյուրի համաձայն՝ ներկայում սպառնալիքների մասին տեղեկությունը ստուգում են: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած սպառնալիքների հետեւում:

Թուրքիայում գերմանական ներկայացուցչությունների աշխատակիցների մեծ մասը ներկայում արձակուրդում է, գերմանական դպրոցներում սովորողները՝ նույնպես:

Գերմանիան Թուրքիայում իր ներկայացուցչություններն ու դպրոցները փակել էր նաեւ մարտին, երբ այդ երկրի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել էր «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ծրագրվող ահաբեկչությունների մասին «հստակ ազդանշանների մասին»: