Սեւանի հանրային լողափերում 2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ բնապահպանության նախարարությաունից տեղեկացնում են, որ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատեւ հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր:

2014 եւ 2015 թթ. «Սեւան » ԱՊ-ի ռեկրացիոն գոտում գործող հանրային լողափերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ եւս 1 հանրային լողափ:   Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սեւան » ԱՊ-ի ռեկրացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: