Սեզոնի առաջին ու ամենախոշոր օմարին, որը հայտնվել է Արեւմտյան Շվեդիայի ձկնորսների ցանցում, սեպտեմբերի 27-ի առավոտյան Գետեբորգում՝ երկրի խոշորագույն ձկնային աճուրդում վաճառել են 20 հազար կրոնով (2 հազար եվրոյով), հայտնում է շվեդական ТТ լրատվական գործակալությունը:

Ծովախեցգետնի որսի սեզոնը Շվեդիայում սեպտեմբերի 26-ին է սկսվել: Գրեթե մեկ կիլոգրամ կշռող ծովախեցգետինը ձեռք է բերել Գետեբորգի ձկնավաճառներից մեկը՝ իր անանուն հաճախորդի պատվերով:

Որսի սեզոնը կշարունակվի մինչեւ 2017-ի ապրիլի 30-ը: Արեւմտյան Շվեդիայում ձկնորսների համար սեզոնի բացումը տոնական իրադարձություն է, որը նույնիսկ երբեմն Սուրբ Ծննդի հետ են համեմատում:

Ծովախեցգետնի գները Գետեբորգի աճուրդում շատ անկանխատեսելի են: Յուրատեսակ ռեկորդ է սահմանվել 2012-ի աճուրդում, երբ գնորդը մեկ կիլոգրամ ծովախեցգետնի համար 10 հազար եվրո է վճարել: