Հյուսիսային Օսեթիայում վթարի ենթարկված Մոսկվա- Երեւան երթուղու ավտոբուսի ուղեւորներից մեկը՝ 20 –ամյա Հրայր Բեկջանյանը բախումից հետո ցնցում էր ապրել։

NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում օդանավից հենց նոր իջած երիտասարդը, ում գլուխը վիրակապված էր, պատմեց, որ զգացել է հարված, իսկ հետո ձեռքով կպել է գլխին ու հասկացել, որ արյուն է հոսում։

«Մենք ջարդեցինք պատուհանը, դուրս եկանք ավտոբուսից ու սկսեցինք մյուս ուղեւորներին էլ օգնել, որ դուրս գան»,- պատմեց նա։

Հրայր Բեկջանյանը բանակից զորացրվելուց հետո հանգստանում էր Ռուսաստանում։ Նա ապրիլյան պատերազմի մասնակիցն է եղել, ծառայել է Լեռնային Ղարաբաղում, Թալիշում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am –ը, հոկտեմբերի 14-ին ժամը 04։30-ի սահմանում, Մոսկվա – Երեւան երթուղու ավտոբուսը Վլադիկավկազի շրջանում բախվել է «Սկանիա» բեռնատարին։

Վթարի հետեւանքով տուժել է 27, զոհվել 5 մարդ։

Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած վթարից տուժած՝ Հայաստանի քաղաքացիները ռուսական օդանավով Վլադիկավկազից Երեւան են տեղափոխվել։ Օդանավն արդեն վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նույն օդանավով Երեւան են տեղափոխվել նաեւ Հայաստանի երկու զոհված քաղաքացիների մարմինները։ Վթարի հետեւանքով զոհված մյուս ուղեւորները Ռուսաստանի քաղաքացի են։