Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 11 տարեկան Լիանա Դավթյանը մայրիկի եւ քրոջ հետ մեկնել էր հանգստանալու Վորոնեժում:

NEWS.am-ի հետ զրույցում Լիանան պատմեց, որ վթարից ոչինչ չի հիշում, որովեհետեւ քնած է եղել: 

«Աղմուկից արթնացա ու զգացի, որ հարված եմ ստացել դեմքիս՝ դունչի  շրջանում»,- պատմեց նա:

Լիանային, քրոջն ու մորը օդանավակայանում դիմավորում էր հայրը, որը  NEWS.am-ին հայտնեց, որ կնոջ վիճակը լավ չի եղել, նրան օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով:

Հայրը նաեւ հայտնեց, որ մեծ աղջիկը նույնպես վնասվածքներ է ստացել, բայց վտանգավոր ոչինչ չկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օդանավով Հայաստան են տեղափոխվել Հյուսիսային Օսեթիայում վթարված ավտոբուսի 26 ուղեւորներ: 

Ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակի՝ Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ ՀՀ 4 քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի «Շտապօգնության» կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը համապատասխանաբար գնահատվում է ծանր եւ միջին ծանրության: