ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման եւ Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ «Անհատական եւ մասնագիտական նախագիծ» դասընթացի շրջանակում: Ուսումնական ծրագրում ներառված նոր դասընթացի նպատակն է ուսանողներին անհրաժեշտ հմտություններ եւ ունակություններ փոխանցել՝ հետագայում արդյունավետ կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար:

Երիտասարդների խնդրանքով Ռալֆ Յիրիկյանը պատմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության, կառուցվածքի, առաքելության եւ արժեհամակարգի մասին, ինչպես նաեւ ծանոթացրել է պրակտիկայի կամ աշխատանքի համար դիմելու ընթացակարգերին եւ նշել դիմորդից ակնկալվող հմտություններն ու նրան ներկայացվող պահանջները:

«Նույնիսկ ամենախելացի ու ամենատաղանդավոր երեխաներն իրենց հնարավորությունները դրսեւորելու համար աջակցության եւ ուղղորդման կարիք ունեն: Մասնագիտական զարգացման եւ կատարելագործման դժվարին ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով, որոնցից շատերից կարելի է խուսափել՝ հետեւելով այդ ճանապարհն արդեն անցած փորձառու մասնագետների խորհուրդներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվել նրանց հետ ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել պրակտիկայի ընթացքում ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ եւ գործնական գիտելիքներ, ինչը կօգնի նրանց ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: