ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին եւ նրան ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելությամբ մեծ ներդրում կունենա  երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում:  Այնուհետեւ, նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ներկայիս զարգացումները, զբաղվածության պետական ծրագրերը, որոնք ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ինչպես նաեւ անդրադարձել ոլորտի մյուս ծրագրերին:

Գիորգի Սագանելիձեն բարձր է գնահատել ոլորտում կատարված բարեփոխումները,  որոնք հիմնականում ուղղված են հասարակության խոցելի շերտերին: Արժեւորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելությամբ ներդրում ունենալ  երկու երկրների միջեւ կապերի խորացման ու ամրապնդման գործում: