Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Ստորեւ ներկայացնում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով խորհրդի նիստին Կարեն Կարապետյանի ելույթը.

Հարգելի պետությունների ղեկավարներ,

 Հարգելի Անդրեյ Վլադիմիրի, ընդունեք շնորհակալական խոսքերս հյուրընկալության եւ նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար:

Նեղ կազմով մենք այսօր արդեն քննարկել ենք ինտեգրացիոն օրակարգի մի շարք առանցքային հարցեր: Լիագումար նիստի առնչությամբ կնշեմ, որ հայկական կողմը հանդես է գալիս մինչեւ նիստը համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունման օգտին: Դրա հետ մեկտեղ կցանկանայի թեզիսային կարգով անդրադառնալ դրանցից որոշներին:

Կարծում եմ՝ մենք բոլորս հավասարապես կիսում ենք այն մոտեցումը, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առեւտրային քաղաքականության ձեւավորման, երրորդ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը եւ նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:

Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային եւ բազմաձեւաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա եւ կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ:

Հարգելի գործընկերներ,

Ի նկատի ունենալով անդամ-պետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը:

Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար: 

Կարծում, եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել:

Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը: