Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է «ռեւիզիայի» ենթարկել ԵՏՄ մասին համաձայնագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այսօր ԵՏՄ մասին համաձայնագրի դրույթների կատարելագործման աշխատանք է սկսվել։ Ամենակարեւորը դրան ոչ թե ֆորմալ մոտենալն է, այն այդ հնարավորությունը ինտեգրացիայի ամենաբարդ հարցերի լուծման համար օգտագործելը»,– ասել է Լուկաշենկոն ԱՊՀ եւ ԵՏՄ կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահը նշել է, որ կողմերը շատ ջանքեր են գործադրել ԵՏՄ ստեղծման համար։ «Անհրաժեշտ է արդիականացնել այդ համաձայնագիրը, ինչ–որ բան դեն նետել, ինչ–որ նոր բան ստեղծել։ Պետք է այն կատարելագործել, բոլոր ուղղություններով ռեւիզիա անցկացնել»,– ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը պարբերաբար բարձրացնում է համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության հարցը։

Բելառուսի նախագահը նշել է, որ իրենց չի գոհացնում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու, ինչպես նաեւ մի պետության փոխադրողի կողմից մեկ այլ պետության տարածքում ընկած կետերի միջեւ փոխադրումներ իրականացնելու ազատականացման ժամկետները։ «Անգամ եթե պայմանականորեն որոշված են միասնական շուկաներ ստեղծելու ժամկետները, պետք չէ սպասել մինչեւ վերջին պահը դրանք գործարկելու համար։ Եթե նշված է 2019 կամ 2025 թվական, դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք մինչեւ այդ օրը»,– ասել է Լուկաշենկոն։