Սեպտեմբերին Հայաստանի բյուջեի հարկային եկամուտները տարեկան հաշվարկով կրաճտվել են մոտ 2.5 մլրդ դրամով կամ 2.6 տոկոսով: Հիմնականում դա պայմանավորված է բնական ռեսուրսների օգտագործման վճարների անկմամբ, որի հարկման գումարը գրեթե 1.7 մլրդ դրամով պակասել է: Դրան գումարած՝ ԱԱՀ շարունակվող անկումը, որը սեպտեմբերին հասել է 1.1 մլրդ դրամի՝ 3.2 տոկոսի:
Ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում բյուջեի հարկային եկամուտները առաջին ամիսների դրական տեղաշարժի հաշվին աննշան աճել են՝ 0.2 մլրդ դրամով կամ 0.02 տոկոսով: Բայց իհարկե կարեւոր է միտումը, որը վերջին ամիսներին ակնհայտ բացասական բնույթ է ստացել: Ավելի վաղ նշվել էր, որ ընթացիկ տարում նկատելի կրճատվել է մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտի հարկային բազան: Դրանից բացի, կտրուկ նվազել է ներմուծումը, այդ թվում՝ մարդատար մեքենաների, որոնք եկամուտ էին ապահովում պետբյուջեին:
Դատելով Հայաստանի խոշոր հարկատուների մասին տեղեկություններից՝ հարկերում լճացումը կապված է փոքր եւ միջին բիզնեսի հետ: Սկզբում նշենք, որ նշված ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուներից եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 9.5 մլրդ դրամով կամ 1.9 տոկոսով: Սակայն այդ դրական տեղաշարժը մնաց մյուս հարկատուների բացասական ցուցանիշների ստվերում: Վերջիններս հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.3 մլրդ դրամ հարկ են վճարել բյուջե, ինչը 3.4 տոկոսով քիչ է, քան մեկ տարի առաջ:
Հայաստանի ամենախոշոր հարկատուների խմբում հունվար-սեպտեմբերին վատթարացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշը:
Հաշվետու ժամանակաշրջանում պետբյուջե վճարելով 5 մլրդ դրամ՝ կոմբինատը նախորդ տարվա 2-րդ հորիզոնականից գլորվել է մինչեւ 17-րդ: Մեկ տարում կոմբինատի հարկերը 14 մլրդ դրամով կամ 3.7 անգամ ակասել են: Անկասկած, դա նույնպես վճռորոշ է եղել երկրի բյուջեի դինամիկայի հարցում:




























