Վրաստանի սահմանին արդեն բացվել են ժամանակակից 2 մաքսային հսկիչ անցակետեր, երրորդը կբացենք մինչեւ տարեվերջ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Բագրատաշեն» հսկիչ անցակետի բացման ժամանակ լրագրողներին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ անհնար է հպարությամբ չլցվել տեսնելով ուղեւորների եւ բեռների համար ժամանակակից ծառայությունների ամբողջ լրակազմով նոր համալիրը: Ծառայությունների արագությամբ եւ հարմարավետությամբ անհնար է այն հնի հետ նույնիսկ համեմատել: «Համոզված եմ, որ մյուս երկու անցակետերը եւս, որոնք վերակառուցվում են միեւնույն ծրագրով, նույնպիսի մակարդակի որակ կապահովեն»,- հավելել է Հարությունյանը:
Վրաստանի սահմանին երեք անցակետերի («Բավրա», «Գոգավան», «Բագրատաշեն») արդիականացումն իրականացվում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:
Ծրագրի բյուջեն կազմում է 52,13 մլն եվրո, որից 30,85 մլն-ը Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տրամադրած վարկն է, 4,44 մլն-ը հատկացվել է Հայաստանի կառավարության միջոցներից, մնացած միջոցները ստացվել են 3 դրամաշնորհներից. 12 մլն եվրո՝ ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության» Ներդրումային քաղաքականության գործիքակազմից, 3,84 մլն եվրո՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման ծրագրից, 1 մլն եվրոն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դրամաշնորհն է ծրագրի կառավարման համար:
Ծրագրով նախատեսվում է Վրաստանի սահմանին երեք անցակետերի արդիականացում: Դրանցից երկուսը՝ «Բագրատաշենը» եւ «Գոգավանը» 2016-ի հոկտեմբերից փաստացի արդեն գործում են: «Բավրայի» անցակետի աշխատանքները շարունակվում են:




























