Աբովյանում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող Մկրտչյանների 4 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 40-ամյա Լիլիթը, պատմեց, որ 3 տարի առաջ ամուսինը արտագնա աշխատանքի ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել, որից հետո ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում:
«Նորմալ պայմաններում ապրում էինք մինչ այդ, բայց Ռուսաստանում ամուսնուս ինսուլտ խփեց, որից հետո այս վիճակում հայտնվեցինք: Ես էլ իրեն եմ խնամում ու երկու անչափահաս երեխաներիս եւ չեմ կարող աշխատել: Ամուսինս անընդհատ խնամքի կարիք ունի՝ չի կարողանում շարժվել, գամված է անվասայլակին»,-պատմում է 40-ամյա կինը:
Մկրտչյանների ընտանիքը չունի նաեւ սեփական տանիք՝ Աբովյանում ապրում է վարձով. «Միշտ էլ վարձով ենք բնակվել, որոշել էինք տուն գնել, բայց ամուսնուս հետ այդ դժբախտ դեպքը պատահեց ու ոչինչ անել չկարողացանք, հիմա անգամ վարձավճարի համար գումար չունենք»:
Լիլիթը նշում է՝ ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 50 հազար դրամ, որից 40 հազարը տան վարձ են վճարում. «Մեր հարազատները օգնում էին մեզ, բայց հիմա իրենք էլ չեն կարողանում օգնել: Մենք մնացել ենք նպաստի ու թոշակի հույսին: Ձմեռ է արդեն, ցուրտ է, բայց ջեռուցում էլ չենք միացնում, որ երեխաները տաքանան»:
Լիլիթն ասում է՝ այս պահին առաջնահերթ է ամուսնու՝ 41-ամյա Սասուն Մկրտչյանի բուժումը, որի համար ընտանիքը գումար չունի. «Երեխաներս ձմեռային հագուստ չունեն, նորմալ սնունդ չունեն, բայց ես չեմ ուզում, որ այսպիսի հարցեր լուծվեն, մեզ համար առաջնահերթը ամուսնուս բուժումն է, որի համար գումար չունենք: Հիվանդանոցում բուժումը շարունակելն անհնար է, որովհետեւ այնտեղ ամեն հարց գումարի միջոցով է լուծվում»:
Մկրտչյաններին օգնել ցանկացողները կարող են զանգել Լիլիթին՝ 099 181870 հեռախոսահամարով:




























