Վրաստանի ադրբեջանաբնակ բնակավայրերում կրթությունը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ բավարար կրթություն չստացած, հաճախ նաեւ միջնակարգ կրթություն չունեցող ադրբեջանցիները կրոնական ֆանատիզմի են հակված: Այս մասին գրում է վրացական անգլալեզու տպագիր Georgia Today թերթը՝ հավելելով, որ դա ամենամեծ վտանգն է, իսկ պետությունն, ըստ ամենայնի, շատ է թերագնահատում այդ խնդիրը:
«Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրերում վաղուց արդեն ակտիվորեն աշխատում են միսիոներներ Թուրքիայից, Իրանից ու Սաուդյան Արաբիայից», -Georgia Today-ը մեջբերում է երիտասարդ գրող Ջոշգուն Ջաֆարլիի խոսքը, ով ապրում է Վրաստանի Գարդաբանի շրջանում եւ պատմում է, որ նա հաճախ է սպառնալիքներ ստանում իր արեւմտամետ դիրքորքշման համար. «Չէ՞ որ նրանք արդեն արմատավորել են շարիաթի օրենքները Վրաստանի ադրբեջանական ինչ-որ գյուղերում»:
Ջաֆարլին պատմում է նվազագույնը մեկ տեղացու մասին, որին «դատապարտել են» շարիաթի օրենքներով. Վրաստանի Թելավի շրջանի Քարաջալ գյուղի բնակիչներից մեկի մատը կտրել են կովի ենթադրվող գողության համար: Այս փաստը լրագրողների հարցմանն ի պատասխան հաստատեց գյուղապետը, որը շտապեց նշել, որ «դա վահաբիզմի հետ որեւէ կապ չունի»:
Georgia Today թերթը հանդիպել է «դատապարտվածին»: Երիտասարդն իրեն խորապես հավատացյալ մարդ ներկայացրեց եւ ասաց, որ իր շրջապատում մոտ 350 ընկերներ կան, որոնք կիսում են իր կրոնական հայացքները:
Քարաջալի գյուղի դպրոցի տնօրեն Էլզա Աշուրովան ասում է, որ շատ աշակերտներ ծայրահեղական տրամադրություններ կիսող ընտանիքներից են: Այդ երեխաները հաճախ են դասերը բաց թողնում, օրինակ պահքի օրերին բացարձակ չեն այցելում. «Ես մի քանի անգամ դիմել եմ մոլլային խնդրանքով, որ ազդի այդ մարդկանց վրա, որպեսզի երեխաները մզկիթ այցելեն դասերից հետո, այլ ոչ թե ընթացքում: Սակայն նա մերժեց՝ ասելով որ աղոթքի ժամը հստակ նշված է»:
Տնօրենը հայտնեց նաեւ, որ աշակերտների մեծ մասի համակարգիչներում, որոնք նրանց տրամադրում է Վրաստանի կրթության նախարարությունը, կրոնական բնույթի նյութեր կան:
Կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Զազա Վաշակմաձեն իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ասաց, որ իր գերատոսչությունը տեղյակ է, սակայն ոչինչ ձեռնարկել չի կարող. «Մենք տեղյակ ենք, որ ծայրահեղական հայացքներով խմբերի հետ կապված ադրբեջանցիներ կան, սակայն ոչինչ անել չենք կարող, քանի դեռ տեղացիներից մեկը չի բողոքել, որ նրանք խառնվում են իր անձնական կյանքին»:




























