Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր` նոյեմբերի 8-ին, ցուցմունք տվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում գլխավոր տնօրենի` բուժական գծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը նշեց, որ 2015թ. հուլիսի 27-ին հրավիրված կոնսիլիումին, քննարկումներին ինքն անձամբ չի մասնակցել, իրեն պարզապես արդյունքներն են ներկայացրել իր իսկ աշխատասենյակում:

«Գործող կարգով պետք է տեղափոխումը կազմակերպի հիվանդանոցի ադմինիստրացիան: Ինձ եկել ասել են, որ Մերի Մարգարյանին անհրաժեշտ է ԿՏ հետազոտություն, որը մենք չենք կարող անել, որոշեցինք տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց: Ես անձամբ «Էրեբունի» ԲԿ-ի հետ կապ չեմ հաստատել, զանգել, ասել ենք, որ իրենց մեքենան ուղարկեն, որ տեղափոխենք»,- ասաց վկան:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը վկայից հետաքրքրվեց` ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի գիտելիքների մասին ինչ տեղեկատվություն ունի ԲԿ-ն, Դավիթ Մխիթարյանը պատասխանեց, որ ինքը ԶԼՄ-ներից տեղեկացել է այդ խնդրի մասին եւ անձամբ ստուգել փաստաթղթերը. «Շուշանիկ Բախշյանն աշխատում է մեզ մոտ շատ վաղուց: Երբ խոսում են վեց ամսվա մասնագիտացման մասին, հիշեցնեմ, որ այդ ժամանակ կար Կառավարության որոշում, որ սահմանամերձ շրջանների բժիշկները վեց ամսվա մասնագիտացում էին ստանում»:

Թե կոնկրետ որտեղ էր աշխատել այդ ժամանակ Բախշյանը, վկան նշեց, որ կոմպետենտ չէ այդ հարցին պատասխանելու: Նշենք, որ Շուշանիկ Բախշյանի անձնական գործում նշվում է, որ ինքը մանկաբարձ- գինեկոլոգի մասնագիտացում ստացել է` 6-ամսյա դասընթացն ավարտելով:

Մարինե Թովմասյանի մյուս հարցին` ռիսկային խմբի հղիների ամբողջական վարման համար վեց ամսյա դասընթացը բավարար է, Դավիթ Մխիթարյանը կրկին չպատասխանեց` կրկին նշելով, որ դա իր իրավասության դաշտում չէ:

«Որեւէ ղեկավարող փաստաթուղթ կամ չափորոշիչ չկա, որ բժիշկը կարող է ռիսկային խմբի հղիների հետ աշխատել: Կա ներքին կարգավորում, որ փորձառու բժիշկը դա պետք է անի»,- ասաց նա:

Փաստաբանի դիտարկմանը` միայն փորձը բավարար է, վկան կրկին նշեց, որ դա իր իրավասության դաշտում չէ: Ամեն դեպքում Դավիթ Մխիթարյանն ընդունեց, որ չկա մի բժիշկ, որ աշխատելու ընթացքում խնդիրներ չունենա:

Փաստաբանի հարցին` Մերի Մարգարյանի հոսպիտալացումը երբեւիցե մերժվել է` փոխտնօրենը հայտնեց, որ մերժվել է մեկ անգամ, երբ հերթապահը եղել է բժշկուհի Անի Բաբելյանը. «Հոսպիտալացման մերժում այդպիսին չի եղել, որովհետեւ Անի Բաբելյանն ինձ ասաց, որ հետազոտությունների արդյունքներն իրենց մոտ են, սակայն հղին հիվանդանոցում չէ, ես ասացի, որ կցեն մատյանին»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի դիտարկմանը` հուլիսի 25-ի հետազոտության արդյունքները Մերի Մարգարյանի մոտ են եղել, վկան փոխեց խոսքը. «Երբ Մերի Մարգարյանի կամ հարազատների ձեռքին փաստաթուղթ է հայտնվել, դա չի խանգարում, որ բժշկուհին իջներ եւ տեսներ, որ հղին այնտեղ չէ»:

Թե ինչպես է նույն փաստաթուղթը հայտնվել եւ հղիի, եւ բժշկուհու մոտ, Դավիթ Մխիթարյանը չկարողացավ պատասխանել:

Փաստաբանի մյուս հարցին` երբ է իմացել, որ Մերի Մարգարյանը հոսպիտալացվել է, վկան արձագանքեց. «Ինձ Շուշանիկ Բախշյանն ասաց, որ ուշադրության արժանի հղի ունի, ուզում է կոնսիլիում հրավիրել, ես էլ ասել եմ` հրավիրեք, հրավիրել են, որոշել են տեղափոխել, ես էլ կազմակերպել եմ»:

Վկայի խոսքով` կոնսիլիումն իրենց մոտ հրավիրվում է այն կարգով, ինչպես մյուս բուժհաստատություններում է. հրավիրվում են այն մասնագետները, որոնց կարիքն ունի բժիշկը: Հիշեցնենք, որ առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանի որոշմամբ` անցած տարվա դեկտեմբերին հստակեցվեց կոնսիլիումի մասին կարգը:

«Մեզ մոտ հավաքվում են մասնագետները, տալիս ախտորոշում եւ նրանցից մեկը, որը լավ ձեռագիր ունի, կատարում է գրառումը: Հիշում եմ, որ Մերի Մարգարյանի դեպքում կար արյունազեղման նախնական ախտորոշում, դրանից հետո արդեն կոնսիլիումն անելիք չուներ, որովհետեւ պետք էր շտապ տեղափոխել այլ կլինիկա»,- ասաց վկան:

Ըստ Դավիթ Մխիթարյանի` կոնսիլիումը բժիշկները հրավիրել են ժամը 14:00-ի սահմաններում, քննարկմանը բացի Բախշյանից մասնակցել են մանկաբարձության եւ գինեկոլոգիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժանմունքների վարիչները, ինչպես նաեւ այլ հիվանդանոցից հրավիրված նյարդաբանը: Դավիթ Մխիթարյանի խոսքով, կոնսիլիումը հրավիրվել է` հասկանալու համար, թե ինչ է կատարվում հղիի հետ, ոչ թե ընտրելու ծննդալուծման տարբերակը:

Այսօր շարունակում են ցուցմունք տալ Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: