Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում 12.088 ամուսնություն է գրանցվել: Վերջին երկու տարիներին այս թիվն ավելի քան հազարով նվազել է (2014թ.՝ 14.348, 2015-ին՝ 13.120): Մխիթարական է փաստը, որ նվազել է նաեւ ամուսնալուծությունների թիվը: 2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում 2.682 ամուսնալուծություն է գրանցվել (2015 եւ 2014 թվականների նույն ժամանակահատվածում, համապատասխանաբար, 2799 եւ 3545):
2016 թվականի հունվար-սեպտեմբերին քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում 5.4 մարդ է գրանցվել՝ հազարի հաշվարկով (2015թ.-ին՝ 5.8, 2014-ին՝ 6.4): Միաժամանակ, նվազել է ապահարզանների թիվը. հազար մարդու հաշվարկով՝ 1.2 (2015-ին՝ 1.2, 2014-ին՝ 1.6):




























