Աշխարհի ամենահայտնի բրազիլացի Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, նույն ինքը` ֆուտբոլի արքա Պելեն 70 տարեկան է: Այդ կապակցությամբ, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հանգստյան օրերին կայանալիք ազգային առաջնության բոլոր հանդիպումներից առաջ մեծարման ծրագիր է նախատեսել:
Պելեն «տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում» ասացվածքի վառ օրինակ է: 1970-ի աշխարհի առաջնության լավագույն խաղացողը Միջազգային օլիմպիական կոմիտեի «Դարի մարզիկ» (1999թ.) եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի «Դարի ֆուտբոլիստ» (2000թ.) տիտղոսների տիրակալն է, հաջողակ գործարար, հայտնի հասարակական գործիչ: Նա Բրազիլիայի սպորտի նախկին նախարարն է:
Կոշիկ մաքրող սեւամորթ տղան կարողացավ արքա դառնալ ոչ միայն ֆուտբոլում, այլեւ` բոլոր այն ոլորտներում, որտեղ գործունեություն ծավալեց:
Պելեին են պատկանում բազմաթիվ ֆուտբոլային ռեկորդներ: 1958-ին նա դարձավ աշխարհի ամենաերիտսարդ չեմպիոնը, 1969-ին` հազար գնդակ խփած առաջին ֆուտբոլիստը: Կարիերայի ընթացքում Պելեն 1284 գնդակ է խփել:
Հոբելյանի նախօրեին Պելեն որոշել է հարցազրույց չտալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























