Մոլդովայի գործող նախագահ Վլադիմիր Վորոնինը այսօր կոմունիստական կուսակցության կենտրանական կոմիտեի լիագումար նիստի ընթացքում հայտնել է պաշտոնից հեռանալու եւ խորհրդարանական աշխատանքի անցնելու իր պատրաստակամության մասին։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով լիագումարի մասնակիցներից մեկին, Վորոնինը, որը ապրիլի 7-ին իր իրավասությունների ժամկետի լրանալուց հետո մնացել էր գործող նախագահ, հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարի իր իրավասությունների հանձնման մասին։ Մոլդովայի Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարի պարտականություններ կատարողը դառնում է խորհրդարանի ղեկավար Միխայ Գիմպուն։

Եթե խորհրդարանը չկարողանա երկրի նախագահ ընտրել, իսկ դրա համար կառավարող մեծամասնությանը 8 ձայն է պակասում, արդեն մյուս տարվա սկզբից օրենսդիր մարմինը պետք է ազատ արձակվի եւ հայտարարվեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Տարեկան 2 անգամից ավել չի թուլատրվում անցկացնել խորհրդարանական ընտրություններ, իսկ 2009 թ-ին 2 անգամ քվեարկություն է անցկացվել՝ ապրիլի 5-ին եւ հունիսի 29-ին։