Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը, որին Մոսկվայում ձերբակալել են «Զենիթ Արենա» մարզադաշտի շինարարության ժամանակ խարդախությունների կասկածանքով,  կտեղափոխվի Պետերբուրգ, «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է ՌԴ ՔԿ Պետերբուրգի քննչական վարչության պետ Սերգեյ Կապիտոնովը։

ՔԿ տվյալներով՝ Հովհաննիսյանին Մոսկվայում ձերբակալել են 2014–ին ֆուտբոլային ստադիոնի շինարարության ժամանակ կապալառու «Տրանսստրոյ» եւ «ՏԴՄ» բաժնետիրական միության հետ պայմանագիր կնքելիս ավելի քան 50 մլն ռուբլի  յուրացնելու գործով։

«Առաջիկա 2 օրը Հովհաննիսյանին կտեղափոխեն Պետերբուրգ։ Քննիչը մտադիր է նրա կալանքի մասին միջնորդություն ներկայացնել»,– ասել է Կապիտոնովը։

Ավելի վաղ քննությունը հայտնել էր, որ հանցագործության հետ կապ ունեն նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետարանի շինարարության կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Յանչիկը, որն ավելի քան 50.48 մլն ռուբլու փոխանցման մասին պայմանագիր էր կնքել, եւ Գրիգորի Պոպովը, որը «ՏԴՄ» բաժնետիրական միության իրական կառավարումն էր իրականացնում։