Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական օրենքի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների գործընկերների հետ ներկայիս համագործակցությունը եւ ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի նոր նախագծով վերացվում է պետական մարմինների վերահսկողությունը, փոփոխվում է կուսակցության գրանցման պահին պահանջվող անդամների թիվը,  ստեղծման պահին կուսակցության՝ տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջը եւ այլն: Նախարարն այս մոտեցումը գնահատել է որպես կուսակցությունների գրանցման գործընթացի հեշտացում եւ ընդգծել, որ ի սկզբանե, նախագծի մշակման հիմքում հենց այդ գաղափարախոսությունն է դրված եղել:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին տեղեկացրել է նաեւ, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում, ինչպես նաեւ Խորհրդարանում: 

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին: