Չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել հայկական բանակի մասին։ Այս մասին նոյեմբերի 16-ին՝ ԱԺ–ում զինվորականների ապահովագրության համար 1000-ական դրամ գանձելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ օրենքը կօգնի որակապես մեծացնել զինծառայողների վճարումները եւ բարելավել նրանց ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակը։ Իսկ նրանք, ովքեր քննադատում են ԶՈւ–ում տիրող վիճակը, չպետք է անպատասխանատու հայտարարություններ անեն։ «Նախօրեին իմ որոշ գործընկերներ պաշտպանության նախարարից պահանջում էին պատասխանել, թե ինչպես են Լեհաստանի խանութներից մեկում հայտնվել զինվորի «պայոկները»։ Հարցնում էին, թե ինչ են եղել «Մարտիկ» ֆոնդի գումարները Ղարաբաղում։ Նրանք անգամ չուզեցին պարզել այն, ինչը պարզել  շատ հեշտ է։ Լեհաստանի դատախազությունը պաշտոնապես պատասխանել է, որ «պայոկները»  վաճառքի համար չեն դրված եղել, դրանց վրա անգամ գին չի եղել։ Իսկ «Մարտիկ» ֆոնդի հիմնական գումարը անձեռնմխելի է, դրանից միայն տոկոսներն են օգտագործվում։ Անպատասխանատու, չճշտված տեղեկություն չպետք է լինի։ Իսկ եթե ահազանգը ճիշտ է, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– նշեց Արտակ Զաքարյանը։