Օրինագծի շուրջ ստեղծված աղմուկը, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից առաջարկվում է 1000 դրամ հավաքել, արհեստական է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողներին ապահովագրական վճարումներ կատարելու մասին օրինագծին:
Պատգամավորը հավաստիացրեց, որ այս աղմուկը դրսից է կառավարվում: Ըստ Ավետիսյանի՝ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո հանրաության շրջանում հասունացել է ինչ-որ հիմնադրամ կամ ինչ-որ այլ բան ստեղծելու անհրաժեշտությունը: «Այդ ժամանակ ընտանիք չկար, որ չմտահոգվեր, թե զինծառայողներին ինչպես օգնի: Հիմա կառավարությունը 1000 դրամ հավաքելու խնդիր է դրել: Ճիշտ չէ դա կապել բանակում գոյություն ունեցող խնդիրների եւ թերությունների հետ: Մենք պետք է դրանք տարանջատենք»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ հազար դրամը չպետք է կապվի մարդկանց եկամուտների հետ:
«Կարծում եմ, որ հայրենասիրությունը չափվում է հայրենի բանակի հանդեպ վերաբերմունքով, քանի որ բոլորս բանակի շնորհիվ ենք հանգիստ քնում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ ավելացնելով, որ օրինագծում նախաձեռնության հանդեպ վստահության հաստատման հստակ մեխանիզմներ կան:




























