Ադրբեջանը «Սոլնցեպյոկ» հրանետները գնել էր կանխիկ փողով, մինչդեռ Հայաստանը դրա համար փորձում էր վարկային միջոցներ հայթայթել, ինչը ավելի արդյունավետ էր տնտեսական տեսանկյունից։ Այս մասին, նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Հարցին, թե ինչու հայկական կողմին այդ համակարգերի մատակարարումը ուշացավ, մինչդեռ Ադրբեջանը ավելի վաղ էր զինվել այդ սարսափելի զենքերով, նախարարը պատասխանեց, որ Հայաստանին զենքը հասել է ժամանակին, ուշացում չի եղել, այլ խնդիր է, որ Ադրբեջանը գուցե ավելի շուտ է գնման գործընթաց սկսել եւ գնել դրանք կանխիկ փողով։

Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ոչ թե պետք է սիմետիկ զինվի, այլ հաշվի առնելով հակառակորդի ունեցած զինատեսակները կարողանա համապատասխան պաշտպանություն կազմակերպելու համար ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն։

Ավելի վաղ ռուսական մամուլը տեղեկացրել էր, որ Հայաստանը Ռուսաստանից արդեն ստացել դեռեւս 2015թ. ամռանը ձեռք բերված արտոնյալ վարկով Ռուսաստանից զենք գնելու վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածությամբ «Սոլնցեպյոկ» հրանետները եւ «Սմերչ» հրթիռային համակարգերը։