Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, եւ զինադադարի նոր խախտումներն այլեւս անթույլատրելի են: Այս մասին նոյեմբերի 17-ին Բրյուսելում, ԼՂՀ-ին վերաբերող հետազոտության արդյունքների քննարկման ավարտից հետո հայտարարել է EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն:
Նա նշել է, որ ուրախ է տեսնել Ղարաբաղի բնակչության վճռականությունն ու տոկունությունը՝ չնայած ադրբեջանական ագրեսիային եւ իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Ըստ վերջինիս՝ բավականին շատ են մտահոգությունները նման բռնությունների կրկնության մասով, սակայն ԼՂՀ բնակչությունը պայքարում է խաղաղության համար՝ վստահելով ԵԱՀԿ Մինսկի կարգավորման գործընթացին եւ միջազգային հանրությանը:
«Որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին հուսախաբ չանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, եւ զինադադարի նոր խախտումներն այլեւս անթույլատրելի են»,- ասաց նա:




























