Արմաշի ծիրանի այգիներում հայտնաբերվել են շուրջ 10 հիվանդություններ եւ վնասատուներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը եւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել են Արարատի մարզի Արմաշ համայնք, որտեղ նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ: Ավելի վաղ համայնքից այգիները չորանալու մասին ահազանգ էր ստացվել:
Այցերի ընթացքում կատարվել է ծառերի զննում, այգու բուսասանիտարական իրավիճակի գնահատում: Ծառերի արմատներից, արմատամերձ հողից եւ ճյուղերից վերցվել են նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության են ուղարկվել ՍԱՊԾ բուսասանիտարական լաբորատորիա: Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են շուրջ մեկ տասնյակ հիվանդություններ եւ վնասատուներ, որոնք թեեւ չեն համարվում կարանտին օրգանիզմներ, սակայն, բույսերի պաշտպանության միջոցառումները ոչ պատշաճ կատարելու դեպքում, մեծ վնաս են հասցնում ծառին` ընդհուպ մինչեւ չորացում:
Ճշտվել է նաեւ, որ Արմաշ համայնքում այգիների խնամքը, ոռոգումը եւ պարարտացումը պատշաճ չի իրականացվում:
Նշված պատճառները հանգեցրել են այգիների թուլացմանը եւ որոշ ծառերի չորացմանը: Խնդրի լուծման նպատակով՝ մասնագետները հողատերերին ներկայացրել են մանրակրկիտ խորհրդատվություն այն բոլոր միջոցառումների մասին, որոնք պետք է կատարվեն վեգետացիայի ամբողջ ընթացքում:
Միայն պատշաճ գյուղատնտեսության վարման եւ բուսասանիտարական միջոցառումների իրականացման դեպքում է հնարավոր ստանալ առողջ, անվտանգ եւ առատ բերք:




























