Նախնական տեղեկություններով, ծառայակցի՝ Թեմուր Սլոյանի կողմից սպանված, 19-ամյա զինծառայող Կամո Հովհաննիսյանի ծնողները դեպքից 9 ամիս անց չգիտեն, թե վերջապես ինչ հանգամանքներում է սպանվել իրենց որդին:
«Մի քանի անգամ զանգել եմ քննիչին, հանդիպել ենք, ասում է՝ մոտ ապագայում նոր բան կասենք։ Մենք էլ սպասում ենք, դեպքից 9 ամիս է անցել, բայց ես չգիտեմ՝ ինչի են իմ տղային սպանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպանված կրտսեր սերժանտի հայրը՝ Արա Հովհաննիսյանը, որը Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ Թեմուր Սլոյանի հարազատները կարծում են՝ նա ընդունակ չէր սպանելու կրտսեր սերժանտին, ապա ինքնասպան լինել:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:
Ժամեր անց Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն, նախնական տվյալներով՝ 2016 թ. փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թեմուր Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից նա տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով:




























