«Ֆրանսիան նախընտրական թոհուբոհի մեջ գրավիչ չէ ԱՄՆ նախագահի համար, որը բացի դրանից նաեւ ընկերական հարաբերություններ ունի տիկին կանցլերի հետ»,- գրում են Le Figaro-ի լրագրողները։
Հեղինակների կարծիքով Ֆրանսիան հիաթափված է։ Երբ Սպիտակ տունը Ֆրանսիային հայտնեց այն մասին, որ Բարաք Օբաման Եվրոպա է ուղևորվում՝ իր գործընկերներին հրաժեշտ տալու, միանգամից հաջորդեց ճշգրտում այն մասին, որ ԱՄՆ նախագահի եվրոպական շրջագայությունը սահմանափակվելու է երկու երկրներով՝ ժողովրդավարության օրրան Հունաստան եւ Եվրոպայի ֆորպոստ Գերմանիա ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ինչպես եւ նրա իտալացի, իսպանացի ու բրիտանացի գործընկերներին խնդրել էին Օբամային ու կանցլերին միանալ Բեռլինում ծրագրված «վեցյակի» ժողովում։
Միանգամայն ակնհայտ է, որ դա չէր կարող քննարկման առարկա լինի, ասել է անանուն ֆրանսիացի դիվանագետը, որն ափսոսում է այն մասին, որ Ֆրանսիան չի դարձել այդ հրաժեշտի ուղեւորության կետերից մեկը։
Ֆրանսիան, լինելով ՄԱԿ-ի ԱԽ անդամ, կորցրել է Եվրոպայի առաջնորդի կարգավիճակը, ասվում է հոդվածում։ «Օբաման նախընտրել է հանդիպել տիկին կանցլերի հետ, որը բարձր ժողովրդականություն ունի ու կանգնած է տնտեսապես ուժեղ երկրի ղեկին»,- համաձայնում է Ֆրանսիայի կառտավարության խորհրդականներից մեկը՝ դրանով իսկ ընդունելով, որ Ֆրանսիան իր նախընտրական իրարանցման ժամանակաշրջանում կորցրել է գրավչությունը։
«Մինչդեռ Մերկելի համար Ֆրանսիայի թուլությունը նույնպես խոչընդոտ է,- նկատում են հեղինակները,- Համաշխարհային տերությունների՝ ԱՄՆ-ի Ռուսաստանի, Չինաստանի ֆոնին, տիկին կանցլերը հուսահատորեն փնտրում է դաշնակցի, որը Եվրոպային թույլ կտար ձայնը բարձրացնել և հավասար դիրքերով բանակցել։ 2015-ի փետրվարին Մերկելը Մինսկում հասել էր ՌԴ նախագահի հնազանդեցմանը՝ բանակցություններին Ֆրանսուա Օլանդին ներգրավելու շնորհիվ ։ Ուկրաինական ճգնաժամում եվրոպական երկրների ձայները համահունչ էին։ Այդ ժամանակվանից ի վեր Եվրոպայի ուժը նվազել է, խախտվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջեւ հավասարակշռությունը։
«Ուկրաինական դոսյեի քննարկումներում Անգելա Մերկելը, հիմա, ինչպես երբեք, Վլադիմիր Պուտինի համար միակ զրուցակիցն է, որը վստահության է արժանի։ Ելիսեյան պալատի ու Կրեմլի միջեւ դիվանագիտական դիմակայության հետեւանքով ՌԴ նախագահն ի վերջո չեղարկել էր իր ծրագրված այցը Փարիզ, որտեղ նա հույս ուներ փառահեղ վերադարձ կատարել միջազգային դիվանագիտական ասպարեզ։ Եվ նորմանդական ձեւաչափով վերջին գագաթնաժողովը ՝ Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ, հոկտեմբերին Բեռլինում էր անցկացվել», - հիշեցնում են լրագրողները։
Եվ եթե Օբաման Մերկելի հանդեպ ընկերական զգացմունքներ է տածում, ապա Օլանդին նա ծաղրում է, այդ թվում հրապարակավ։ «Օլանդի հետ Օբաման զուտ գործնական հարաբերություններ ունի,- ասել է դիվանագիտական աղբյուրը,- Մերկելի հետ հարաբերությունները բոլորովին այլ բնույթի են»։
«Մերկելն ու Օլանդը նույնպես սառը հարաբերություններ ունեն,- շարունակում են հեղինակները,- Երկու ղեկավարները ի վերջո գտել են հավասարակշռություն, որը թույլ է տալիս կառավարել Եվրոպայում առկա բազմաթիվ ճգնաժամեր։ Բայց Փարիզը շարունակում է խնդիր մնալ Բեռլինի համար»։ Հիմա Բեռլինը սպասում է 2017-ի մայիսին ու Ֆրանսուա Օլանդի փոխարինողին, ասվում է հոդվածում։




























