Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ: Թատրոնի մի շարք ներկայացուցիչների Սերժ Սարգսյանը պարգեւատրել է պետական պարգեւներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաեւ թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: Մասնավորապես, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավետիք Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Նախագահի խոսքը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ տոնական միջոցառման ժամանակ

Բարի երեկո, հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Բարի երեկո, սիրելի՛ պարոնյանցիներ,

Ես սրտանց շնորհավորում եմ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ: Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների, ոչ միայն թատերասերների, այլ նաեւ մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետեւ լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարեւորագույն մշակութային օջախներից մեկը՝ թատրոնը կրթել եւ դաստիարակել է սերունդներ:

Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայոց բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան եւ ուրիշներ, ովքեր ծալք առ ծալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, եւ այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի ու մեզ համար ընդունելի:

Այս թատրոնի յուրահատուկ եւ մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները եւ հրաժեշտ է տալիս անցյալին: Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների եւ կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու: Իհարկե, մեր իրականության մեջ, եւ ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երեւույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք:

Վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռեւս առջեւում են: Եվ վստահ եմ, պարո՛ն Ղազանչյան, որ 30-40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին հարյուրամյակը, իրենց վերաբերմունքը նրանց կցուցաբերեն, իսկ ձեր նոր, գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի եւ հասարակության ձեռքբերումների մասին:

Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ:

Շնորհակալություն: