Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում հոկտեմբերի 30-ին արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանն արդեն կարողանում է առանց արհեստական շնչառության ապարատի շնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը. «Օրվա մեծ մասը կարողանում է առանց արհեստական շնչառության ապարատի շնչել, խոսում է, սնվում, բայց դեռ Վերակենդանացման բաժանմունքում է»:
Միքայել Մանուկյանը նշեց, որ Ռիտա Դոդոյանին հիվանդասենյակ դեռ չի նախատեսվում տեղափոխվել:
NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ վերելակը արգելափակվել է տեխնիկական պատճառով՝ վերելակի վթարը տեղի է ունեցել, մասնավորապես, ռելեի շղթայի խափանման պատճառով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել է 62-ամյա քաղաքացի, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կնոջ ոտքը վիրահատել են։ Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:




























