Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը խորհրդարան առաջարկ է ներկայացրել, որը բռնաբարողներին թույլ է տալիս ազատվել պատասխանատվությունից այն դեպքում, եթե զոհը համաձայնի ամուսնանալ իր հետ։ Այս առաջարկը օրենքի ուժ ստանալու դեպքում ազատություն կտա ավելի քան 4000 հանցագործի, որոնք պատիժ են կրում բռնաբարությունների համար։
Turkish minute–ի փոխանցմամբ՝ պատգամավորները հավանություն են տվել այդ առաջարկին։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներն իրենց հերթին դեմ են արտահայտվել։ Մուսա Չամը կարծում է, որ այդ դեպքում հանցագործը կարող է կաշառել կամ ահաբեկել զոհին պատժից խուսափելու համար։ «Այս առաջարկը կմեծացնի բռնաբարությունների թիվը»,– նշել է նա։
Միաժամանակ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը պնդում է, որ առաջարկը թույլ կտա «մանկական ամուսնություններ» կնքող տղամարդկանց խուսափել բանտից, քանի որ Թուրքիայում շատ հաճախ են ծնողներն ամուսնացնում իրենց անչափահաս աղջիկներին։ Իսկ ծննդաբերության ժամանակ այդ մասին իմանում է ոստիկանությունը, եւ այդ աղջիկների ամուսինները բանտում են հայտնվում։




























