Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի նոր շենքի շինարարությունն ավարտվել է, սակայն, աշակերտները նոր շենք չեն կարողանում տեղափոխվել՝ գույք չլինելու պատճառով: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են մարզպետարան, սպասում են, որպեսզի իրենց օգնեն դպրոցի գույք ձեռքբերելու հարցում: Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ աշակերտները ձմռանն արդեն դասի կգնան նոր եւ բարեկարգված շենքում:
«Դպրոցի նոր շենքի կառուցումն արդեն ավարտվել է, այս պահին մաքրման, բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Այստեղ խնդիրը գույքի հարցն է, սպասում ենք, որ մարզպետարանն օգնի այն ձեռքբերելու հարցում»,- ասաց տնօրենը:
Հին շենքի վատ պայմաններից եւ նոր շենքի շինարարության ձգձգումից բողոքող աշակերտները, դասի են գնում դպրոցի հին շենքում, որը, դպրոցի տնօրենի խոսքով՝ ջեռուցվում է:
Հիշեցնենք, որ աշակերտները սեպտեմբերի 27-ին դասադուլ արեցին, նրանց խոստացան, որ նոր շենքը մինչեւ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի: Երեխաները բողոքում էին, որ ցուրտ դասասենյակներում դաս անել չեն կարողանում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի




























