Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է Devfest Armenia 2016 կոնֆերանսը:
Միջոցառման կազմակերպիչ եւ համակարգող Վարդան Պապիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կոնֆերանսի նպատակը տեխնոլոգիական աշխուժություն ապահովելն ու համաշխարհային տեխնոթրենդերից հետ չմնալն է: «Այս տարի երեւի ռեկորդ կսահմանենք՝ մոտ 500 մասնակից են գրանցվել: Բոլոր սեսիաները մաքուր տեխնոլոգիական են լինելու, սակայն այս տարի կունենանք նաեւ ավելի ինտերակտիվ սեսիա՝ պատրաստված ARLOOPA –ի կողմից. կներկայացվեն վիրտուալ իրականության որոշ նորույթներ: Ունենք նաեւ հատուկ հյուր՝ Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը: Նա կպատմի խոսքի ճանաչման տեխնոլոգիայի, նատուրալ-լինգվիստիկ ծրագրավորման մասին, ինչը սերտորեն կապված է machine learning-ի՝ տեխնոլոգիաներում վերջին թրենդի հետ:
Տեղեկացնենք, որ Հայաստանում հինգ տարի առաջ՝ փետրվարի վերջին, Վարդան Գրիգորյանի եւ Վարդան Պապիկյանի ջանքերով ստեղծվեց GTUG (Google Technology User Group), հետագայում GDG–ի վերանվանված խումբը:
GDG խումբը նպատակ ունի օգնել Հայաստանում Google-ի գործիքների օգտագործման խնդիրները լուծելուն, ուստի անընդհատ կազմակերպվում են տարբեր հանդիպում-քննարկումներ: Նմանատիպ խմբեր գործում են աշխարհի ավելի քան 60 երկրներում:




























